ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարներ Հենրի Քիսինջերի և Ջորջ Շուլցի՝ «The Wall Street Journal»-ում հրապարակված հոդվածում նշվում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի հիմքը կարող է բեղմնավոր քննարկումների առիթ դառնալ: Կողմնակիցներն ուրախանում են Իրանի նկատմամբ միջուկային սահմանափակումների առիթով: Իսկ քննադատները կասկածի տակ են դնում այդ սահմանափակումների ստուգումներն ու երկարաժամկետ ազդեցությունը տարածաշրջանային և համաշխարհային կայունության վրա: Այդ համաձայնագրի պատմական նշանակությունն ու կայունությունը կախված են այն հանգամանքից, թե կարո՞ղ են էմոցիաները համաձայնեցվել: Համաձայնագրի իրականացման հիմնական մեխանիզմը՝ պատժամիջոցների վերականգնման սպառնալիքը, ընդգծում է ընդարձակ անհամաչափությունը, որն Իրանի համար պատժամիջոցներից մշտական թեթևացում է ապահովում՝ նրա գործողությունների ժամանակավոր սահմանափակման փոխարեն: Պատժամիջոցների «արագ վերականգնումը» դժվար թե նույնքան հստակ լինի, որքան ենթադրում է այդ արտահայտությունը: Իրանը հնարավորություն ունի համաձայնագիրը խախտել վարչական որոշմամբ: Եթե հետագա գործընթացում այդ եզրույթը միանշանակ չհստակեցվի, կրկին պատժամիջոցների սահմանումը կարող է մեկուսացնել ԱՄՆ-ին, այլ ոչ Իրանին:
Աստիճանաբար շրջանակային համաձայնագրի ժամկետի անցումն Իրանին թույլ կտա միջուկային, արդյունաբերական և ռազմական նշանակալի գերտերություն դառնալ՝ միջուկային ծրագրի մասշտաբով և բարդության ու ռազմական նպատակներով օգտագործելու թաքուն ունակությամբ, երբ նա որոշի: Իրանական հետազոտությունների և մշակումների սահմանափակումները չհրապարակվեցին (կամ, հնարավոր է, չհամաձայնեցվեցին): Այդ պատճառով Իրանը կկարողանա համաձայնությունների գործողության ժամկետի ընթացքում պահպանել իր առաջատար միջուկային տեխնոլոգիաները, իսկ համաձայնությունների գործողության ժամկետը լրանալուց կամ խախտելուց հետո՝ արագորեն գործարկել ավելի առաջատար ցենտրիֆուգներ՝ ներկայում գոյություն ունեցող մոդելներից առնվազն 5 անգամ ավելի մեծ հզորությամբ:
Մերձավոր Արևելքի գլխավոր գործող անձանցից ոմանք, հավանաբար, կարծում են, որ ԱՄՆ-ը պատրաստ է համաձայնել մի երկրի միջուկային ռազմական հզորությանը, որին հիմնական սպառնալիքն են համարում: Նրանց մի մասը կպնդի առնվազն համարժեք հզորությունների հարցում: Սաուդյան Արաբիան հասկացրեց, որ կարող է ընդգրկվել այդ ցանկում, մյուսները կարող են հետևել իրեն: Այդ իմաստով բանակցությունների հետևանքներն անդառնալի են:
Եթե Մերձավոր Արևելքում միջուկային զենք «տարածվի» և բազմաթիվ պետություններ հայտնվեն միջուկային շեմին, որոնցից ոմանք անհաշտ մրցակիցներ են, միջուկային սահմանափակման կամ ռազմավարական կայունության ի՞նչ հայեցակարգի վրա կհիմնվի միջազգային անվտանգությունը: Արդյո՞ք մենք հիմա կանխատեսում ենք մրցակցության փոխկապակցված շարքը, որտեղ յուրաքանչյուր նոր միջուկային ծրագիր տարածաշրջանում մյուսների համար հակակշիռ է:
Որոշ կողմնակիցներ ենթադրում են, որ համաձայնությունները կարող են հանդես գալ որպես մերձավորարևելյան հակամարտություններից ԱՄՆ-ի հեռացում, ինչը կհանգեցնի տարածաշրջանից ռազմական նահանջի: Քանի որ սուննիական պետությունները պատրաստվում են դիմակայել շարիաթի նոր կայսրությանը, հավանաբար, հակառակը տեղի կունենա: Մերձավոր Արևելքն ինքն իրենով չի կայունանա, իսկ ուժերի հավասարակշռությունը, բնականաբար, չի հաստատվի իրանա-սուննիական մրցակցության շնորհիվ: Բացի կայունությունից, ԱՄՆ-ի ռազմավարական շահերից է բխում կանխել միջուկային պատերազմն ու աղետալի հետևանքները: Եթե աշխարհը ցանկանում է խուսափել ավելի մեծ ցնցումներից, ԱՄՆ-ը պետք է տարածաշրջանի համար ռազմավարական դոկտրին մշակի: Քանի դեռ ամերիկյան ռազմավարական քաղաքական հայեցակարգը հստակ չէ, ծրագրվող միջուկային համաձայնագիրը կխորացնի, այլ չի լուծի տարածաշրջանի խաղաղության խնդիրները: